11 հունիսի 2015 - 15:56 AMT
«Հայոց ցեղասպանություն» բառակապակցության պատճառով Թուրքիան մերժել է ԵԽ զեկույցը

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Թուրքիայի մասին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցն անընդունելի է, քանի որ տեքստում առկա է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը:

«Այդ պատճառով սա կլինի ԵԽ-ի պատմության մեջ Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերող առաջին զարգացման զեկույցը, որը Թուրքիայի կողմից կլինի մերժված և անընդունելի», - թուրք նախարարի խոսքերը մեջբերում է Ermenihaber.am-ը:

Եվրոպական խորհրդարանն ընդունել է Թուրքիայի մասին զեկույցը, որը պատրաստել է հոլանդացի պատգամավոր Կատի Փիրին: Զեկույցի ընդունման օգտին քվեարկել է 492 կողմ և 92 դեմ: Զեկույցում հիշատակվում է ապրիլի 24-ից առաջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի մասին և մեջբերվում է Եվրամիության (ԵՄ) կողմից ընդունված ապրիլի 15-ի որոշումը, որով ԵՄ-ն Թուրքիային կոչ էր անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թուրքական Mansethaber լրտավական կայքի բնորոշմամբ` դա Թուրքիայի հասցեին ամենակոշտ ձևակերպումներ պարունակող զեկույցն է, որ երբևէ ընդունվել է: Թուրքական մեկ այլ՝ Mynet լրատվական կայքը տեղեկացնում է, որ զեկույցում նաև քննադատվել են Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումները, սոցցանցերի և այլ կայքերի արգելափակումը, լրագրողների ձերբակալություններն ու նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումները:

Եվրախորհրդարանը Անկարայի կոչ է արել ձևավորել այնպիսի կառավարություն, որը կարագացնի ժողովրդավարացման բարեփոխումների գործընթացը:

Եվրոպական խորհրդարանը ապրիլի 15-ի լիագումար նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։