12 հունիսի 2015 - 18:13 AMT
«Օլիմպիոնիկ». Սահակյանցներն աշխատում են լիամետրաժ անիմացիոն նոր ֆիլմի վրա

Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն ստուդիան աշխատում է «Օլիմպիոնիկ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի վրա: Աշխատանքները սկսվել են դեռևս 1,5 տարի առաջ, իսկ պատրաստ կլինի ֆիլմը 3-4 տարուց, PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց ֆիլմի համառեժիսոր և սցենարի համահեղինակ Դավիթ Սահակյանցը:

Անիմացիոն ֆիլմը պատմում է Վարազդատ արքայի 4-րդ դարում Հին Հունաստանում ունեցած հանրահայտ հաղթանակի մասին: Սահակյանցի խոսքով` Վարազդատ արքայի մասին ֆիլմ նկարահամելու գաղափարը ծագել է դեռ 2009 թվականին:

Մուլտիպլիկատորը նաև պատմեց, որ ավարտին են մոտենում Վրթանես Փափազյանի «Կլոր աստվածներ» հեքիաթի հիման վրա նկարահանվող կարճամետրաժ ֆիլմի աշխատանքները, որը նախատեսվում է ներկայացնել հանրությանը սեպտեմբերին:

2014 թվականի դեկտեմբերի 27-ին մեծ էկրան բարձրացավ Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» առաջին լիամետրաժ հայկական մուլտֆիլմը: «Անահիտ»-ի նկարահանման աշխատանքները «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ը սկսել էր դեռ 2010-ին և ավարտել 5 տարում: