24 հունիսի 2015 - 16:28 AMT
ՌԴ-ն վավերացրել է ՀՀ գազի մատակարարումը մինչև 2016-ը երկարացնելու արձանագրությունը

ՌԴ Դաշնային խորհուրդը հունիսի 24-ին վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը, որով մինչև 2016-ը երկարացվում է ՀՀ բնական գազի, նավթամթերքի և ալմաստի անտուրք մատակարարումը:

2013-ի դեկտեմբերի 2–ին ստորագրված միջկառավարական համաձայնագիրը նախատեսում է Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի, գազի և ալմաստի անտուրք մատակարարում ներքին սպառման համար անհրաժեշտ քանակով։ Համաձայնագրի արձանագրությունը ստորագրվել է 2014-ի դեկտեմբերի 26–ին, գրում է Newsarmenia-ն՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հղումով:

Ըստ արձանագրության` նավթամթերքի, գազանման վիճակում գտնվող բնական գազի և բնական անմշակ ալմաստի համար չի գանձվում արտահանման մաքսային տուրք մինչև 2015-ի դեկտեմբերի 31–ը։

Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման շուրջ. Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։ Այսօր Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը 189 դոլար է` 1000 խորանարդ մետրի դիմաց:

Սակայն գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ: