26 հունիսի 2015 - 11:29 AMT
ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում. Երևանի ցույցերը չի կարելի համեմատել Մայդանի հետ

Հայաստանի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը չի կարելի համեմատել Ղրղզստանում 2010 թ. ապրիլյան հեղափոխության հետ: Հունիսի 25-ին այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մշատական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը` ելույթ ունենալով Մոսկվայում Անվտանգության ակադեմիայի «ՀԱՊԿ-ը և անվտանգության գլոբալ մարտահրավերները» թեմայով հավաքի ժամանակ, որի կազմակերպիչն է Գորչակովի հիմնադրամը:

Ըստ նրա, որոշ պարբերականներ գերադասում են համեմատել հայաստանյան իրադարձությունները Մայդանի կամ Ղրղզստանում ապրիլյան հեղափոխության հետ: «Դրանք տարբեր բաներ են: Ցույցին մասնակցող երիտասարդները չունեն որոշակի պահանջներ: Նշեմ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել ակտիվիստների հետ և լսել նրանց: Սակայն նրանք դեռ չեն համաձայնվում: Ես հասկանում եմ ինչ-որ արտառոց բան ցույց տալու որոշ ԶԼՄ-ների ցանկությունը, բայց պետք չէ ասել, թե դա կարող է վերաճել հակամարտության, ինչպես Ղրղզստանում, և, առավել ևս, Ուկրաինայում»,-ասել է Վիրաբյանը, հայտնում է Vb.kg-ն:

Նա չի բացառել սադրանքների հնարավորությունը, սակայն հավաստիացրել է, որ պետությունը դրանք կանխելու ուժ և հնարավորություն ունի:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում:

Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամայնի պողոտա, որտեղ էլ մնում են մինչ օրս: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել ՀԾԿՀ-ը որոշումը էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ: