27 հունիսի 2015 - 21:23 AMT
Candoco. Նոր բեմադրություն հայկական առաջին ներառական պարային խմբի կատարմամբ

«Մի լքիր ինձ» պարային ներկայացման հաջողությունից հետո Candoco ներառական պարային խմբի մասնագետների աջակցությամբ Փոքր թատրոնում կբեմադրվի նոր ներկայացում Բրիտանական խորհրդի «Պար առանց սահմաններ» ծրագրի շրջանակում:

Ներկայացման կազմում ներգրավված են Փոքր թատրոնի և ներառական պարային խմբի դերասանները:

«Նոր ներկայացման թեման վերաբերում է մեր պատմության ամենացավալի դեպքերին և ներկայացնում է հայրենիք, տուն փնտրելու ու վերագտնելու գաղափարները» - PanARMENIAN.Net-ին ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը:

2014-ին հիմնվել է Հայաստանում առաջին ներառական թատերական և պարային խումբը` բաղկացած հաշմանդամություն ունեցող և չունեցող արվեստագետներից: Խումբը ստեղծվել է Միացյալ Թագավորության հանրահայտ Candoco պարային խմբի նմանությամբ և աջակցությամբ: 2014-ի հոկտեմբերին ՀայՖեստ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ պարախմբի առաջին` «Մի լքիր ինձ» պարային բեմադրության պրեմիերան:

Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Ջեմայմա Հոադլին, գեղարվեստական խորհրդականն է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, Սթինա Նելսենը և Սեթա Ուայթը, փորձավարը` Թենի Մաթյանը:

Հատուկ ներկայացման բեմադրման աշխատանքներին մասնակցելու և աջակցելու համար հունիսի 13-27-ը Հայաստանում են Միացյալ Թագավորության Candoco ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սթինա Նիլսենը և դերասան Ջեմայմա Հոադլին:

«Պար` առանց սահմանների» ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը և Մշակույթի նախարարությունը: