1 հուլիսի 2015 - 10:16 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Պուտինի խոսնակ․ Էլէներգիայի սակագինը ՀՀ-ի ներքին հարցն է

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող քննարկվել Ռուսաստանի հետ, հունիսի 30-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա՝ դա Հայաստանի ներքին հարցն է, գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ «Ինտերֆաքս»-ին հղումով:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ-ում տիրող լարված իրավիճակը, Պեսկովն ասել է, թե հարցը քննարկվել է երկկողմ հարաբերությունների համատեքստում:

«Հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչի մասին հաղորդել ենք»,- հավելել է նա:

Հայաստանի նախագահի ծննդյան օրվա առթիվ Սարգսյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշման շուրջ ստեղծված իրավիճակին երեկ անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 100 տոկոսանոց սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության ղեկավարը:

«Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի բարդ իրավիճակում սակագնի բարձրացման որոշումը զանգվածային բողոքների պատճառ դարձավ, որը բացառապես տնտեսական պատճառներ ունի, ոչ թե քաղաքական: Այստեղ որևէ քաղաքականություն չկա»,- ՏԱՍՍ գործակալությանն ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը:

Նա նշել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այս պահին գտնվում է ֆինանսական կայունության սահմանագծին և հնարավորություն չունի ժամանակին վճարել էներգետիկ ձեռնարկություններին նրանցից ստացած էլեկտրաէներգիայի դիմաց:

Ըատ նրա՝ ՀԷՑ-ի կրած վնասների պատճառը Հայաստանում գործող կարգավորման համակարգն է:

ՀԷՑ-ին են պատկանում 36.000 կմ երկարությամբ ցանցերը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Ընկերությունը 100 տոկսով պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին: Էներգետիկ շուկա Հայաստանում չկա, գործում է միասնական գնորդի մոդելը, որի դեպքում ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էլէներգիան` սակագինը պետությունն է հաստատում: Այն 2014 թ. 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10.7 միլիարդ դրամ:

Բորիս Կովալչուկն ասել է, որ 11 տարվա ընթացքում սակագնի անբավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, հիդրոկայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ երկրի բաշխիչ ցանցերի համակարգը 37 միլիարդ դրամի եկամուտ չի ստացել:

«Սրանք են ստեղծված ֆինանսական բարդ իրավիճակի հիմնական պատճառները»,- նշել է նա:

Հայաստանի բաշխիչ ցանցերում գործում է մեկ գնորդի մոդելը: ՀԷՑ-ն էլեկտրաէներգիան գնում է արտադրող ձեռնարկություններից՝ ատոմակայանից, հիդրոկայաններից և ջերմակայաններից և վաճառում սպառողներին: Սակագինը հաստատում է պետությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ