4 հուլիսի 2015 - 17:33 AMT
Ոստիկանները ցուցարարների մեջ իրավիճակը լարելու մասին տեղեկություն ունեն. Շարժումը «կանցնի վճռական քայլերի»

ՀՀ ոստիկանությունը հստակ տեղեկություներ ունի, որ Բաղրամյան պողոտայում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցի մասնակիցներից որոշ անձինք որոշել են լարել իրավիճակը, ինքնաբուխ հավաքը վերածել կառավարելի, որոշակի շահերի հետապնդող հավաքի։ Այս մասին հուլիսի 4-ին հայտարերել է ոստիկանության հանրային կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հստակ տեղեկատվություն ունենք, որ որոշ անձինք, ովքեր իրենց համարում են կազմակերպիչներ, որոշում են կայացրել վրաններ տեղադրել, սադրանքներ կազմակերպել, սրել իրավիճակը, փակել փողոցները։ Ձեռնպահ եմ մնում անուններ տալուց, շատ կարճ ժամանակ անց ինքներդ կլսեք, մի քանի անձինք առաջարկելու են բարիկադները մոտեցնել ոստիկանությանը, իրենց դուր չի գալիս, որ ոստիկանությունը պասիվ է իրականացնում ծառայությունը, քանի որ դա կբերի նրան, որ շարժումը կմարի: Հրահրելու են մարդկանց կոնֆլիկտներ ստեղծել», - ասել է Ահարոնյանը:

Միաժամանակ վարչության ղեկավարը հայտնել է, որ ոստիկանները ուժ կկիրառեն «միայն անկառավարելի իրավիճակում»։ Նա ցուցարարներին հորդորել է ուշադիր լինել, զգոն, թույլ չտալ այդ մարդկանց ակտիվիստներին օգտագործել ի շահ իրենց, գրում է Panorama.am-ը:

Ահարոնյանի հայտատարությունից հետո, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող շարժման հանրային կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանը լրագրողներին հայտարարել է, որ որոշել են «անցնել վճռական քայլերի»: Կոնկրետ մարտավարությունը կներկայացվի այսօր` հուլիսի 4-ին, ժամը 21:00-ին:

«Ունենք բազմավեկտոր պլաններ, սկսելու ենք պլան Ա-ից: Ժամը 21:00-ին լինելու են ելույթներ, ներկայացնելու ենք ծրագրերը և ժողովրդի հավանությունը ստանալուց հետո անցնելու ենք վճռական քայլերի: Կարևոր փուլ ենք սկսում այսօր», - ասել է Սանասարյանը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել:

Ի դեպ՝ նա նշել է, որ քայլերը խաղաղ են լինելու:

Ավելի վաղ ցուցարարներին էր մոտեցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ առաջարկելով տարածքից հանել որպես բարիկադ ծառայող աղբամանները և դրանք փոխարինել ոստիկանական ուղեփակոցներով։

Հուլիսի 3-ին ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից, որտեղ արդեն 13-րդ օրն է, ինչ քաղաքացիները շարունակում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի շուրջօրյա ակցիաները, բերման է ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Դոբրովոլսկին հայտարարել է, թե ինքը հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ, և կռփազենքն էլ գտել է փողոցում:

Կռփազենքն առգրավվել է, Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել:

Կարդացեք նաև՝ #ElectricYerevan. Ցուցարարներից մեկի մոտ կռփազենք է հայտնաբերվել