7 հուլիսի 2015 - 17:22 AMT
Բելգիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել

Բելգիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը հուլիսի 7-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել: Այս մասին հաղարդում է «Հանուն արդարության ու ժողովրդավարության» Եվրոպայի հայկական ֆեդերացիան:

Խորհրդարանական մեծամասնությունը ներկայացրել է իր նախագիծը արտահերթ քննարկման, որպեսզի բանաձևը ընդունվի մինչև ամառային արձակուրդը՝ հուլիսի 21-23: Սակայն, բանաձևի իրենց ծրագրերը ներկայացրել են նաև Սոցիալիստական կուսակցությունը, «Հումանիտար ժողովրդավարական կենտրոն» և «Ֆլամանդական շահ» կուսակցությունները, հայտնում է Armenia Today-ը:

Բելգիայի խորհրդարանը հունիսի 18-ին սկսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը։ Երկրի վարչապետն ընդգծել է, որ 1915-17-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է «ճանաչվեն որպես ցեղասպանություն»:Վարչապետ Շարլ Միշելը իր կառավարության անունից Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ երիտթուրքերի կողմից հայերի դեմ իրականացրածը որակել է որպես ցեղասպանություն:

Խորհրդարան ներկայացված բանաձևի հեղինակը՝ Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցությունից պատգամավոր Պետեր դե Ռովերը, ողջունել է վարչապետի հայտարարությունը՝ նշելով, որ ներկայացվող բանաձևը թույլ կտա առաջ շարժվել այս հարցում:

Հունիսի 17-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը: Հունիսի 18-ի լիագումար նիստին նախագիծը ներկայացրած Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցության պատվավոր նախագահ, պատգամավոր, նախագծի հեղինակ Պետեր դե Ռովերն ասել էր. «Այս բանաձևը սոսկ խորհրդանշական բնույթ չի կրում: Մեր նպատակն է, որ Բելգիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այնուհետև մենք ցանկանում ենք նաև խթանել համագործակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև»:

Բելգիայի Սենատը 1998թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: