15 հուլիսի 2015 - 11:16 AMT
Տարածքների հանձնում և խաղաղապահների տեղակայում. Ուորլիքը՝ ԼՂ կարգավորման մասին

Նախկին ԼՂԻՄ-ին հարակից ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ համապարփակ կարգավորման շրջանակներում։ «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հարակից տարածքները պետք է վերադարձվեն, սակայն կան հակամարտության կարգավորման նաև այլ գործոններ…ուստի մենք միշտ խոսում ենք համապարփակ կարգավորման մասին. չի կարելի վերցնել միայն մեկ ասպեկտն ու պնդել, որ դա է կարգավորման հիմքը։ Խաղաղ կարգավորումը պետք է դիտարկել իր ամբողջ ծավալով»,- ասել է նա:

Անդրադառնալով անվտանգության խնդիրներին, որոնք կառաջանան վերոնշյալ տարածքները հանձնելու դեպքում` Ուորլիքն ասել է, որ կարգավորման տարրերից պետք է լինեն անվտանգության երաշխիքները, որոնք ներառում են միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում: «Եթե և երբ տարածքները վերադարձվեն, անհրաժեշտ կլինի այնտեղ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել` ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»,-ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զենքի մեծ խմբաքանակների գնման փաստին Ռուսաստանից և Իսրայելից` Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրավունք ունեն ապահովելու իրենց անվտանգությունը: «Սակայն միևնույն ժամանակ սպառազինումը մտահոգում է, հատկապես շփման գծի երկայնքով, ինչպես նաև ադրբեջանա-հայկական սահմանին: Հարցը միայն զենքի քանակը չէ, այլ նաև դրա տեսակները…սխալվելու վտանգը` ահա ինչն է մտահոգիչ: Մենք զբաղվում ենք այդ հարցով: Եթե նախկինում հրադադարի ռեժիմը խախտվում էր դիպուկահարների և հրաձգային զենքի միջոցով, ապա այժմ ավելի խոշոր տրամաչափի զենք է օգտագործվում: Դա մեզ մտահագում է: Մեզ մտահոգում է նաև ռազմական բալանսի հարցը: Նախկինի պես բախումներ են լինում երկու կողմերի միջև»:

«Մենք չենք ցանկանում, որ ռազմական հզորության հարաբերակցությունը խթանի կողմերից մեկին օգտվել իր որոշ առավելությունից: Այդ իսկ պատճառով Հայաստանը պետք է մասնակցի կարգավորման գործընթացին, որպեսզի գնալով լարվող իրավիճակը հսկողության տակ լինի»,-ասել է նա:

Խոսելով Լեռնային Ղարաբաղին հարակից ազատագրված տարածքները հանձնելու և խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին` Ջեյմս Ուորլիքը փաստորեն մասնակիորեն հրապարակեց հակամարտության կարգավորման կետերից մի քանիսը, որոնց նա անդրադարձել էր դեռ 2014-ին «Քարնեգի» հիմնադրամում ելույթի ժամանակ: Բացի վերոնշյալներից, ենթադրվում է նաև ժամանակավոր կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, հետագա կարգավիճակի որոշում ժողովրդի կամարտահայտման միջոցով, միջանցքի պահպանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, փախստականների վերադարձ: ՀՀ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Ուորլիքի հայտարարությունը, հայտարարել է, որ ընդհանուր առմամբ այն արտացոլում է համանախագահների առաջարկները կարգավորման վերաբերյալ: