16 հուլիսի 2015 - 16:31 AMT
Հայ դպրոցականները 11 մեդալ են նվաճել 2 օլիմպիադայում՝ գերազանցելով հարևանների արդյունքը

Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թաիլանդում կայացածմիջազգային առարկայական օլիմպիադաում նվաճելեն 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Իսկ Հնդկաստանի Մումբայ քաղաքում ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները նվաճել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ, հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից: Ընդհանուր առմամբ երկու օլիմպիադայում հայ դպրոցականները նվաճել են 11 մեդալ, ընդ որում մաթեմատիկայի օլիմպիադայում մեր թիմի բոլոր աշակերտները դարձել են մեդալակիր:

Թիմային արդյունքներով նշված երկու օլիմպիադայում Հայաստանի ցուցանիշները գերազանցում են հարևան երկրների արդյունքները:

Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցն օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով գերազանցել է հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին՝ միասին:

Մաթեմատիկայի միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 104 երկրից 577 դպրոցական, իսկ ֆիզիկայի օլիմպիադային ներկայացված է եղել 71 երկիր՝ 263 մասնակցով:

Առջևում դեռ ինֆորմատիկայի, կենսաբանության և աշխարհագրության օլիմպիադաներն են:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հունիսի 16-ին հայտարարել է, որ հայ դպրոցականները չեն մասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք՝ քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային, քանի որ Բաքուն այդպես էլ համապատասխան քաղաքական կամք չդրսևորեց, և հայ դպրոցականների օլիմպիական թիմը անվտանգության պետական երաշխիքներ չստացավ:

Չնայած, կարևորելով աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին, հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Բաքվի օլիմպիադային: Լայնածավալ աշխատանքներ էին իրականացվել ազգային հավաքականի նախապատրաստման ուղղությամբ: Հայտարարվել էր նաև, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բայց Ադրբեջանի իշխանությունը ջանքեր չի խնայում՝ Հայաստանը միջազգային գործընթացներից մեկուսացնելու համար, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, տասնամյակներ ձգվող տնտեսական շրջափակումը և քաղաքական հակասությունները տարածելում նաև հումանիտար ոլորտում, մերժողական դիրքորոշում ցուցաբերելով հայկական կողմի կառուցողական նախաձեռնություններին: