20 հուլիսի 2015 - 19:15 AMT
Թուրքական Asimder-ը սպառնում է խաթարել Վանի Սբ Խաչում հայերի պատարագը

Թուրքական այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունy` Asimder-ը, կխոչընդոտի Վանի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում հայերիամենամյա պատարագը: Այս մասին հայտարարել է հակահայկական կազմակերպության ներկայացուցիչ Իրֆան Էրմիշը:

Վերջինս որպես պատարագի անցկացմանը խոչընդոտելու պատճառ է նշել այն, որ իբրև Հայաստանի իշխանություններն իրենց թույլ չեն տվել նամազ անել Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթում, թուրքական Milliyet թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber-ը:

Թուրքիայում՝ Իգդիրում, մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են արտաքին գործերի նախարարություն` թույլտվություն ստանալու համար, հայտնելով, որ ցանկանում են Երևանի մզկիթում ուրբաթօրյա նամազ անել։ Նրանք նաև պահանջել են, որ նախաձեռնությունն իրականացնելու նպատակով Հայաստանից անվտանգության երաշխիք ստանան: Նախաձեռնության կազմակերպիչն այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» (Asimder) կազմակերպությունն է, որը հայտնի է իր հակահայ գործունեությամբ: Ըստ տարբեր աղբյուրների` կազմակերպության ֆինանսավորողն Ադրբեջանն է:

Ավելի ուշ մզկիթի հոգևոր սպասավոր շեյխ Շաջաանը նշել էր, որ Երևանում գործող Կապույտ մզկիթում որևէ մեկին նամազ անելու արտոնություն տալու խնդիր չկա, մզկիթի դուռը բաց է բոլորի համար՝ անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, թուրք, եթե վերջիններս ենթարկվում են մզկիթում 20 տարի ի վեր գործող հատուկ ծրագրերին, կրոնական ծիսակատարություններին և իրանական օրենքներին: Նա նաև նշել էր, որ Թուրքիայից պաշտոնական որևէ գրությույն չեն ստացել, նամազ անելու մասին էլ տեղեկացել են սոցիալական ցանցերից:

Էրմիշը հայտարարել է, որ այդ հարցում գործակցելու են տեղի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանք են տանելու Վանի բնակչության հետ:

Բացի այդ, ազգայնական ու հակահայ գործիչը պնդել է, որ Սբ Խաչ եկեղեցին «կառուցել են քրիստոնյա պեչենեկ թյուրքերը»:

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010-ից բացվել է թանգարանի կարգավիճակով:Երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրվում է եկեղեցում անցկացնել կրոնական արարողություն: