Դամասկոսն ու Մոսկվան բանակցում են Եվրասիական տնտեսական միությանը Սիրիայի հնարավոր անդամակցության շուրջ, հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ Հալկին:
«Բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ Եվրասիական միությանն ու մաքսային ազատ գոտուն միանալու շուրջ: Մենք դա օգտակար ենք համարում, գտնում ենք, որ դա կամրապնդի հարաբերությունները բարեկամ պետությունների հետ, ինչը թույլ կտա թեթևացնել տնտեսական և առևտրային գործակցությունը նրանց հետ»:
Ինչպես ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սիրիայի վարչապետը, Մոսկվայի և Դամասկոսի միջև արդեն պայմանագրեր են ստորագրվել գազավերամշակող գործարանների, ոռոգման համակարգի շինությունների և էլեկտրական ենթակայանների կառուցման վերաբերյալ: Բացի այդ, 2 տարի առաջ Ռուսաստանն ու Սիրիան համաձայնագիր են կնքել Սիրիայի ծովափնյա տարածքում նավթի հանքավայրերի արդյունահանման վերաբերյալ:
Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:
Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:
ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:
Ընթացիկ տարում միությանը միացավ նաև Ղրղզստանը:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ մոտ 40 երկիր ու միավորում շահագրգռված է ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հարցում: Ավելի ուշ, Ղազախստանի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում Նոր Զելանդիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Լատինական Ամերիկայի երկրների հետ: