24 հուլիսի 2015 - 10:36 AMT
Բելգիայի Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

Բելգիայի խորհրդարանը հուլիսի 23-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հայտնում է Asbarez.com-ը: Բանաձևն ընդգծում է նաև Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը և կոչ է անում Հայաստանին և Թուրքիային «օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սահմանը բացելու և տնտեսական ինտեգրման համար ուղի բացելու համար», հայտնում է Tert.am-ը:։

Բանաձևը ներկայացրել է խորհրդարանի անդամ Փիթեր Դե Ռուվերը։ Այն ընդունվել է հուլիսի 7-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։

Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռևս 1998-ին։ Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։

Հուլիսի 23-ին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը: