24 հուլիսի 2015 - 13:33 AMT
Թուրքիայի արձագանքը Ցեղասպանությունը ճանաչող բելգիական բանաձևին. «Պատմությանը չի համապատասխանում»

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ որոշումն «անարդար», «պատմական իրողություններին չհամապատասխանող» և «մարդու իրավունքներն անտեսող» է որակելով: Թուրքիայի ԱԳՆ-ն Բելգիային մեղադրել է «թուրքական ինքնությունը սևացնելու» փորձերի մեջ:

Բելգիայի խորհրդարանը հուլիսի 23-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այն ընդգծում է նաև Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը և կոչ անում Հայաստանին և Թուրքիային «օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սահմանը բացելու և տնտեսական ինտեգրման համար ուղի բացելու համար»:

«Այդ և նման որոշումները հայ-թուրքական հաշտեցմանը որևէ կերպ չեն աջակցում։ Մենք խստորեն դատապարտում ենք մեզ անարդար ձևով մեղադրող, պատմական իրողություններն ու թուրք ժողովրդի հիշողությունը անտեսող այդ որոշումը»,- ասվում է արտգործնախարարության հաղորդագրության մեջ, գրում է Tert.am-ը:

Թուրքական կողմը նաև հայտարարել է, որ խորհրդարանի որոշումը հակասում է «Թուրքիայի և Բելգիայի միջև ձևավորված հարաբերությունների ոգուն» և կարող է վնաս հասցնել դրանց։

Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռևս 1998-ին։ Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: