27 հուլիսի 2015 - 14:12 AMT
Բասկետբոլի հայ պատանի աղջիկները՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր

Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը Անդորրայում անցկացված Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցումների արծաթե մեդալ է նվաճել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

C դիվիզիոնի 4 հանդիպման ընթացքում բասկետբոլի պատանի աղջիկները 3 հաղթանակ են տարել՝ Ջիբրալթարի (63:29), Ուելսի (55:33), Մալթայի (36:28) հավաքականների նկատմամբ ու միայն եզրափակչում 39:76 հաշվով զիջել են Իսլանդիայի փորձառու ընտրանուն:

Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ, ձեռք է բերել Եվրոպայի հաջորդ առաջնության «B» դիվիզիոնի մրցաշարում հանդես գալու իրավունք, իսկ Հայաստանի պատանեկան հավաքականի ռմբարկու Ինգա Մանուչարյանն ընդգրկվել է Եվրոպայի «С» դիվիզիոնի առաջնության լավագույն 5 խաղացողների թվում և ստացել հատուկ մրցանակ ՖԻԲԱ-ի կողմից: