29 հուլիսի 2015 - 19:00 AMT
Ադրբեջանում հայկական կոնյակ, ծխախոտ ու սուրճ են ոչնչացրել՝ «ոչ պիտանի» լինելու հիմնավորմամբ

Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն պնդում է՝ հուլիսի 29-ին 31 շիշ հայկական կոնյակ, 51 տուփ հայկական արտադրության ծխախոտ և 23 տարա սուրճ է ոչնչացրել: Ըստ ադրբեջանական Trend.az-ի, այդ մասին լրագրողներին հայտնել է Մաքսային իրավախախտումների դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Ֆիքրեթ Ալեքսերովը:

«Այդ ապրանքները հայտնաբերվել են Թովուզի և Բալաքենի մաքսային բաժիններում: Իրականացվել է փորձաքննություն, և պարզվել, որ ապրանքներն օգտագործման պիտանի չեն, ոչնչացնելու որոշում է կայացվել»,- ասել է Ալեքսերովը:

Ըստ աղբյուրի, նույն օրը ոչնչացվել է տարբեր երկրներում արտադրված 64.800 տուփ տարբեր ապրանք։

Մնում է նշել միայն, որ Հայաստանից Ադրբեջան արտահանումը բացակայում է: