30 հուլիսի 2015 - 13:09 AMT
«Ոտքի՛, Հայաստան»-ը պնդում է` ոստիկանությունը խոչընդոտում է խաղաղ նստացույցը

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը շարունակում է հուլիսի 27-ին մեկնարկած նստացույցը Հանրապետության հրապարակում՝ առաջ քաշելով բոլոր այն պահանջները, որոնք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով առաջադրվել էին քաղաքացիների կողմից: Ցուցարարները պնդում են, որ ՀՀ ոստիկանությունն խոչընդոտում է իրենց խաղաղ նստացույց:

Նստացույցի նպատակն է իրազեկել ՀՀ քաղաքացիներին, որ ըստ շարժման կազմակերպիչների՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ որևէ գործնական քայլ իշխանությունների կողմից առ այսօր չի կատարվել: Քաղնախաձեռնությունից պնդում են, որ, մասնավորապես, կարգավորում չեն ստացել հետևյալ հարցերը. միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ ՀԵՑ-ի ամբողջ գործունեությունը ստուգելու համար, չի մեկնարկել:

Ինչպես նաև, բարձրացված սակագնի հիմնավոր լինելը ստուգելու համար միջազգային խորհրդատվական ընկերություն չի ընտրվել. միայն հուլիսի 27-ին ՀԾԿՀ-ն ընդունեց որոշում՝ այդ ուղղությամբ ձեռնարկել քայլեր, որոնց ապագան մշուշոտ է: Բացի այդ, ՀԾԿՀ-ն իր որոշմամբ չի ամրագրել, որ խորհրդատվական ընկերության ընտրությանը մասնակցելու են քաղաքացիները, սակայն ամրագրել է, որ ընտրության վերջնական որոշումը ընդունելու է Կառավարության աշխատակազմը:

Շարժման անդամ Դավիթ Սանասարյանը հուլիսի 29-ի երեկոյան տեղեկացրել է, որ իրենք, չնայած նախապես հայտարարված 72-ժամյա նստացույցին, հուլիսի 30-ին նույնպես կլինեն Հանրապետության հրապարակում, գրում է Tert.am-ը:

Նա կոչ է արել հավաքների տարբեր օջախներ ստեղծել և հավաքվել նաև հրապարակից դուրս:

Ոստիկանությունն իր հերթին ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից՝ սահմանափակելով անհամաչափ տեղաշարժը, որը, ըստ իրավապահների, իրականացվում է օրենքի խախտմամբ: Շարժման անդամներն ամեն կերպ փորձել են ճեղքել ոստիկանական պատը՝ նստացույցը Հանրապետության հրապարակի հենց կենտրոնում շարունակելու համար, բայց իրավապահները կանխել են փորձերը: Ապա նախաձեռնության անդամները ճեղքել են ոստիկանական շղթան՝ վազելով դեպի հրապարակի «գորգը » և նստել այնտեղ: Ոստիկանները նրանց գրկած՝ ձեռքերից և ոտքերից բռնած տեղափոխել են մայթ, գրում է Aravot.am-ը:

Ակտիվիստները հայտնել են, որ տեղափոխելուց ոստիկանները հարվածել են Սանասարյանի գլխին: Ավելի ուշ ցուցարարները նստել են հետիոտնի համար նախատեսված անցումի վրա, ոստիկանները նորից նրանց տեղափոխել են մայթ: Ցուցարարների պնդմամբ՝ այդ ընթացքում ոստիկանները Սանասարյանի ձեռքերից և ոտքերից բռնած տեղափոխելիս մի քանի անգամ ցած են նետել՝ ողնաշարի վրա:

Սանասարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց, ապա՝ դուրս գրվել:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավատացրել է, որ նման բան չի եղել և միտումնավոր ոչինչ չեն արել՝ չնայած ակտիվիստի «ոչ ադեկվատ պահվածքին»: