Հայաստանի կառավարությունը հաստատել է ոչ առևտրային ներմուծման ծավալների նոր սահմանափակումների մասին որոշումը:
Ըստ ընդունված որոշման, Հայաստան կարելի է ներմուծել 1 նոութբուքից և 2 բջջային հեռախոսից ոչ ավելի: Դեղորայքի դեպքում կարելի է ներմուծել ոչ ավելի, քան 5 անուն դեղամիջոց` 3-ական փաթեթ, եթե բուժման համար ավելի մեծ ծավալի անհրաժեշտությունը հաստատված չէ բժշկական տեղեկանքով:
Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա կարելի է ներմուծել թանկարժեք զարդեր ոչ ավելի, քան 3 հատ ամեն տեսակից (ըստ մաքսային դասակարգման), իսկ թանկարժեք քարեր (ադամանդից բացի)` ոչ ավելի, քան 1 կարատ, կամ 1 կարատից խոշոր մեկ քար: Կա նաև գնային սահմանափակում այս երկու խմբի համար` գինը չպետք է գերազանցի 25 հազար դոլարը: Զարդերից առանձին ալմաստներ և ադամանդներ ներկրել չի թույլատրվում, հայտնում է Armenia Today-ը:
Սահմանափակումներ կան նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների համար`2 լ կամ 2 լ ավելի տարողությամբ 1 շիշ: Ծխախոտի քանակը սահմանափակվում է 400 հատով, բենզինը և դիզվառելիքը` 10 լ: