31 հուլիսի 2015 - 17:02 AMT
«Կարին»-ն Արարատի գագաթին շուրջպար է բռնել. Ծածանվել է 100 մետրանոց եռագույնը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Արարատի գագաթինծածանվել է Հայաստանի 100 մետր երկարությամբ եռագույնը: Այս մասին տեղեկացրել է նախաձեռնության հեղինակ, «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը` Արևմտյան Հայաստանից:

«Նախաձեռնության մասնակիցները պարզեցին Հայոց ցեղասպանության խորհուրդը կրող 100-մետրանոց եռագույնը, որից հետո` շրջան կազմելով, 100 վայրկյան լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, իսկ «Կարին» ազգագրական համույթի սաները` գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, Արարատի գագաթին շուրջպար բռնեցին»,- նշել է Գևորգյանը:

Նախատեսվածի պես` ուխտավորների խումը Արարատի գագաթ է հասել հուլիսի 29-ին:

«Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամը նպատակ ունի պահպանելու հայկական մշակույթը, մասնավորապես՝ գորգագործությունը, աջակցել Արցախյան ազատամարտում զոհված, վիրավորված, անհայտ կորած և մասնակցած ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև Սփյուռքում հայկական կիրակնօրյա դպրոցներ հիմնել: