3 օգոստոսի 2015 - 19:05 AMT
Կեսարիայում Սբ Աստվածածին եկեղեցուց միայն ավերակներն են պահպանվել

Կեսարիայի Թոմարզա գավառում գտնվող 300-ամյա վաղեմության Սբ Աստվածածին եկեղեցուց (Թոմարզայի վանք) ընդամենը մի քանի քանդված պատ է մնացել: Ժամանակի անխիղճ ավերածություններին չդիմակայած եկեղեցին 1915-ին կողոպտվել է, այնուհետև՝ լքվել:

Վանքից, որի կազմում ժամանակին եղել է Գրիգորյան հայկական հոգևոր դպրոցը, այսօր միայն մնացորդներ են պահպանվել:

Չնայած մեծ վնասներին` Առաջին աշխարհամարտի վերջին հայ հոգևորականները վերադարձել են եկեղեցի, սակայն շատ չանցած այն կրկին լքվել է, թուրքական Gazetevatan.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Կայքը նշում է, որ Կեսարիայի Թոմարզա գավառի կենտրոնում գտնվող մեկ այլ հայկական եղեղեցի՝ Թոմարզայի Սբ Պողոս Պետրոս եկեղեցին կարողացել է հասնել մինչև մեր օրերը` վերջինս նույնպես 300-ամյա պատմություն ունի:

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցից 464-ն ամբողջովին անհետացել է, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։