11 օգոստոսի 2015 - 11:29 AMT
ՌԴ-ում վթարված հիդրոպլանի օդաչուն քաղաքացիական ինքնաթիռ վարելու արտոնագիր չուներ

Մերձմոսկովյան Իստրայի ջրամբարում կործանված Cessna հիդրոպլանի օդաչուն չուներ Ռոսավիացիայի քաղաքացիական ավիացիայի օդաչուի վկայական: Այդ մասին հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Առանց վկայականի, օդաչուն իրավունք չուներ վարելու քաղաքացիական օդանավ»,-ասել է նա` հավելելով, որ օդաչու Միխայիլ Երմոլինը չէր իրազեկել օդային երթևեկության մարմիններին իր թռիչքի ժամանակի և երթուղու մասին, ինչն օդային տարածքի օգտագործման կանոնների խախտում է:

Ռոսավիացիայի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ հիդրոպլանը չուներ թռիչքային պիտանելիության հավաստագիր: «Հայտնի է, որ Cessna U206F օդանավը, որի գրանցման համարն է RA-67523, գրանցված էր քաղաքացիական օդանավերի պետական ռեեստրում, չուներ ինքնաթիռի տեխնիկական բարվոք վիճակը հաստատող փաստաթուղթ»,-ասել է նա: Ըստ նրա, առանց նման փաստաթղթի «օդանավն իրավունք չուներ օդ բարձրանալ»:

Ավելի վաղ օգոստոսի 10-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել էր, որ հայտնաբերվել է և դուրս է բերվել ավիաաղետի հետևանքով զոհված 9-րդ զոհի մարմինը:

Մոսկվայի մարզի Իստրայի ջրամբարի մոտ օգոստոսի 8-ին իրար են բախվել Cessna U-206F տիպի հիդրոինքնաթիռը (RA-67523 բորտային համարանիշով) և Robinson-44 մասնավոր ուղղաթիռը։ Զոհվել են 2 օդաչու ու 7 ուղևոր, որոնցից 4-ը հայ են եղել։ Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությանը տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:

Ավիաաղետի հետևանքով զոհված 4 հայից երկուսը երեխա էին՝ 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները: Զոհված հայազգի մյուս երկու ուղևորներն են Լարիսա (25 տարեկան) և Պարույր Մանուկյանները (26 տարեկան): Ինչպես հաղորդում է LifeNews–ը, առաջ է քաշվում պատահարի 3 վարկած, որոնց թվում է նաև հիդրոինքնաթիռի օդաչուի սխալը։ Չի բացառվում տեխնիկայի անսարքությունը:

«Ըստ քննության տվյալների, հիդրոպլանն անթույլատրելի ցածր բարձրության վրա էր և հատել է ուղղաթիռի երթուղին, որն այդ պահին օդ էր բարձրանում: Արդյունքում հիդրոպլանը դիպել է ուղղաթիռի վինտին և վթար է տեղի ունեցել»,-ասել էր քննության ներկայացուցիչը` շեշտելով, որ տեղեկությունները նախնական են:

Արտակարգ պատահարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու և ավել թվով մարդկանց մահի»։