18 օգոստոսի 2015 - 12:47 AMT
Վարչապետը Չինաստանում կքննարկի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախատեսում է այցելել Չինաստան: Այս մասին Աբրահամյանը տեղեկացրել է Ծաղկաձորում «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը:

Կառավարության ղեկավարը հայտնել է, որ այցի ընթացքում իր չին գործընկերոջ հետ կքննարկի նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրում Չինաստանի ներգրավվածության հարցը:

Սեպտեմբերի վերջին նախատեսվում է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի այցը Չինաստան: Հայաստանը չինական կողմից առաջարկներ է ստացել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վերաբերյալ: Կան առաջարկություններ չինական մի քանի կազմակերպություններից, բայց հայկական կողմը ներկայումս նախապատվությունը տալիս է առաջարկություններից երկուսին, որոնք առաջիկայում կմանրամասնվեն, հայտնել է Բեգլարյանը:

Բեգլարյանը օգոստոսի 18-ին անդրադառնալով երկաթգծի կառուցման հարցին, նշել է, որչինական կողմի համար ճանապարհը շատ կարևոր է, և Չինաստանի նախագահը այդ ճանապարհի համար գումարներ է հատկացրել, գրում է Tert.am-ը:

Հայաստանի հարավային երկաթուղու ծրագիրը օգոստոսի 6-ին քննարկվել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպմանը: Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև ծրագրի իրագործման հեռանկարների շուրջ:

Բեգլարյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Տոկիո կատարելիք այցի ժամանակ հանդիպել Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչներին և քննարկել տրանսպորտի և կապի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հայաստանի համար երկաթգծի շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի: Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի 6 տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է $3.5 մլրդ: 2013-ին Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: 2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին: