22 օգոստոսի 2015 - 15:53 AMT
Օհանյան. Մինսկի խմբի կազմը չպետք է փոխվի, համանախագահները պահպանում են փխրուն խաղաղությունը

Մենք չենք կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների ցանկում պետք է փոփոխություններ կատարվեն: Այս մասին օգոստոսի 22-ին ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն` անդրադառնալով անդամ երկրների թվի ու կազմի փոփոխությունների մասին քննարկումներին:

«Այո, կան բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում` այնպիսի երկրների ընդգրկման վերաբերյալ, որոնք կլինեն ոչ օբյեկտիվ հակամարտության կարգավորման հարցում», - ասել է Օհանյանը:

Նրա խոսքով` այսօր խմբի գործունեությունը համեմատաբար պասիվացել է, քանի որ դրա անդամ երկրների միջև կան տնտեսական ու քաղաքական որոշակի հակասություններ:

«Այնուամենայնիվ, պիտի հասկանանք, որ սահմանին իրավիճակը ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն, և այդ փխրուն խաղաղության պահպանողները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են», - նկատել է նախարարը, մեջբերում է Aysor.am-ը:

Հունիսին հայտնի է դարձել, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի փոխանցմամբ, Ադրբեջանն առաջարկում է ընդլայնել Մինսկի խմբի ձևաչափը՝ ի նկատի ունենալով Թուրքիային և Գերմանիային:

Վերջին տարիներին պաշտոնական Բաքուն շարունակաբար դժգոհում է 23 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով ստեղծված միջնորդական այս խմբի աշխատանքից:

Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնյաները, և ոչ միայն, պարբերաբար հայտարարում են, թե Մինսկի խումբը կորցրել է իր օբյեկտիվությունը:

Հունվարին Հարավային Կովկասում ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ, Տալլինում Ռազմական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ԶԼՄ-ների որոշ հաղորդագրություններին Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր փոփոխության մասին՝ դիվանագետն ասել է, որ անհնար է համարում Թուրքիայի ու Գերմանիայիմասնակցությունը ՄԽ աշխատանքին: Նա հավելել է, որ Հայաստանը երբեք չի ընդունի Թուրքիային որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում: