24 օգոստոսի 2015 - 14:45 AMT
Ատլանտայի հրեական կազմակերպությունը բանաձև է ընդունել՝ Ցեղասպանությունը ճանաչելու կոչով

Ատլանտայի Միջհամայնքային հարաբերությունների հրեական խորհուրդը (Jewish Community Relations Council (JCRC)) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել:

Բանաձևը կոչ է անում ճանաչել Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը և հորդորում Միացյալ Նահանգներին այդ դեպքերը «ցեղասպանություն» կոչել, հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Ջորջիա նահանգում Հայկական համագումարի նախագահ Վահան Քասաբյանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթ է ունեցել հրեական կազմակերպության հետ կազմակերպված հանդիպմանը:

«Մեծ պատիվ էր Ատլանտայի հրեական համայնքին պատմել Հայոց ցեղասպանության մասին: Այս բանաձևի միաձայն ընդունումը ցույց է տալիս մեր տեղական համայնքներում ցեղասպանության դեմ քարոզչական գործունեությունն ընդլայնելու ավելի ու ավելի մեծ կարևորությունը»,- ասել է Քասաբյանը, մեջբերում է Tert.am-ը:

Համագումարի խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը իր հերթին ասել է ,որ Խորհուրդն ԱՄՆ-ում մարդու իրավունքների առաջատար պաշտպան է, և հոկտեմբերին այս բանաձևի ամբողջական ընդունումը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ գրավական կլինի:

Հուլիսի 31-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել Լատինական Ամերիկայի խորհրդարանը:

Հուլիսի 24-ին բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի նահանգն օրենք է ընդունել, ըստ որի ապրիլի 24-ը հռչակում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»։

Մայիսի 29-ին Բրազիլիայի դաշնային խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Այդպիսով, Բրազիլիան դարձել էր Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Խորհրդարանի Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հեղինակը Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերային է: Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է ավելի քան 20 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը: