27 օգոստոսի 2015 - 16:44 AMT
«ԱՄԵՆ» ներկայացում՝ Իտալիայի «Արենա Դի Վերոնա» հնագույն ամֆիթատրոնում

Իտալիայի Վերոնա քաղաքի Piazza Bra գլխավոր հրապարակում, «Արենա Դի Վերոնա» հնագույն ամֆիթատրոնում սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «ԱՄԵՆ» երաժշտական-դրամատիկական պրեմիերան: Ծրագիրը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և մտել է տարելիցին նվիրված Իտալիայի ծրագրերի փակման արարողության մեջ:

Ծրագրի երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանն ասել է, որ ինքը և ծրագրի գլխավոր պրոդյուսեր Հասմիկ Չախմախչյանն այնպես են արել, որ դահլիճում գտնվող յուրաքանչյուր ազգության մարդ կարողանա իր հետ տանել այն ամենը, ինչ հեղինակները փորձել են հաղորդել:

«Այնտեղ կա երաժշտություն, վիզուալ էֆեկտներ, բալետ, խոռեր, կա սիմֆոնիկ նվագախումբ, որը նվագում է փոփ նվագախմբի և ֆոլկ երաժիշտների հետ: Կա երկու երգչախումբ՝ հայկական «Հովեր» խումբն է և իտալական Ռեջեո Էմիլիայի երգչախումբն է: Բալետի բեմադրությունը Ռուդոլֆ Խառատյանինն է, ով նաև «ԱՄԵՆ» նախագծի բեմադրող ռեժիսորն է», - հայտնել է պրոդյուսերը, մեջբերում է Tert.am-ը:

Նրա խոսքով՝ լիբրետտոն և ավանդական բալետը համադրվելու են ամենաժամանակակից բեմական լուսա-ձայնային տեխնոլոգիաների հետ:

«Այն հայ ազգի պատմության մասին է, սակայն փաստավավերագրական պատմություն չէ, այլ դյուցազներգական դրամա է՝ հայ ժողովրդի պատմության մոտիվներով: Չնայած նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, բայց մենք ցույց ենք տալիս հայ ազգի վերածանունդը», - պարզաբանել է Մուշեղյանը:

Նա նաև նշել է, որ պրեմիերայի համար ընտրել են Իտալիան, քանի որ այն եվրոպական կենտրոն է և մասնակցելու առումով շատ հարմար է բոլորին։

«Այդպիսի բեմ աշխարհում էլ չկա, այն ամենահեղինակավոր բեմահարթակն է», - ասել է Մուշեղյանը:

Ներկայացման դերերում են Հասմիկ Պապյանը, Պլաչիդո Դոմինգո (կրտսերը), Բարսեղ Թումանյանը, Վարդուհի Խաչատրյանը, Մարիո Ֆրանգուլիսը, Ռոզի Անուշ Սվազիլյանը, Գևորգ Դաբաղյանը Սիմոնա Մոլինարին և ուրիշներ: