28 օգոստոսի 2015 - 18:51 AMT
Հայաստան-Իրան ԷՀԳ գծի շինանյութերի առաջին խմբաքանակը կտեղափոխվի ՀՀ առաջիկա օրերին

Առաջիկա օրերին Հայաստան կտեղափոխվի Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքների և սարքավորումների առաջին խմբաքանակը, շինարարական աշխատանքները կիրականացվեն ժամանակացույցին համապատասխան: Այս մասին հայտնել է էլեկտրահաղորդման 3-րդ գծի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության տնօրեն Բահման Սալեհինը՝ օգոստոսի 28-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպմանը:

Նախարարն ընդգծելով ծրագրի կարևորությունը երկու երկրների էներգահամակարգերի համար՝ նշել է, որ ծրագիրը պետք է իրականացվի բարձր որակով և սահմանված ժամկետում: Զախարյանը նաև նշել է, որ ծրագրի իրականացման ընթացքում գլխավոր կապալառուին կցուցաբերվի ամենայն աջակցություն՝ շինարարությունը պատշաճ կերպով ավարտին հասցնելու համար:

Օգոստոսի 12-ին «Սանիր» ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի շինարարության պայմանագիրը: Օգոսոսի 9-ին, Թեհրանում Իրանի Արտահանման Զարգացման Բանկի և ՀՀ ԷԲՊՆ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրված Ֆիանասական պայմանագրի համաձայն՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 107,9 մլն. եվրո գումարը կտրամադրի իրանական կողմը: Նշված գումարի 77%-ը կտրամադրի Իրանի Արտահանման Զարգացման Բանկը: Շինարարության համար անհրաժեշտ գումարի 23%-ը կհատկացնի ծրագրի գլխավոր կապալառու՝ «Սանիր» ընկերությունը:

Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդայի գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է: Էլեկտրահաղորդման գծի» և «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350ՄՎտ-ից հասցնել մինչև 1000ՄՎտ-ի և կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը:

Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանի մոտ Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Հրազդանից 400 կՎ գծի միջոցով: Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի միացման նպատակով Հրազդանի տարածաշրջանում նախատեսվում է կառուցել նաև 400/220 կՎ լարման ենթակայան: Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից կհասցվի 700 ՄՎտ-ի:

Վերոհիշյալ ենթակառուցվածքների զարգացումը ուղղված է ՀՀ-ի տարածաշրջանային և միջտարածաշրջանային ինտեգրման համար՝ ՀՀ-ով տարանցիկ փոխադրումների միջոցով էներգակիրների սեզոնային հյուսիս-հարավ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իրան) փոխանակումներն ապահովելու համար:

Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 24 ամսում:

«Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրվել է դեռ 1995-ին: 2012-ի տվյալներով ԷՀԳ-ի կառուցման նախագծի արժեքը գնահատվում էր 100-105 մլն եվրո: Ներկայում Հայաստանի և Իրանի միջև գործում է երկու բարձրավոլտ ԷՀԳ, որոնց միջոցով երկու երկրի միջև էլեկտրաէներգիայի սեզոնային երկկողմ փոխադրումներ են իրականացվում զրոյական սալդոյով։