29 օգոստոսի 2015 - 13:20 AMT
Էրիկ Բոգոսյանի «Նեմեսիս գործողություն» գիրքը՝ Ուոթերթաունում

Ամերիկահայ դերասան, գրող, դրամատուրգ և ռեժիսոր Էրիկ Բոգոսյանը կխոսի իր «Նեմեսիս գործողություն» գրքի մասին, որը ներկայացնում է 1915-ից սկսված Հայոց ցեղասպանության համար պատասխանատու Օսմանյան Թուրքիայի առաջնորդներին սպանելու դավադրությունը:

Բոգոսյանը ելույթ կունենա Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաունի Սբ Հակոբ եկեղեցում սեպտեմբերի 14-ին, գրում է Armenianweekly.com-ը:

«Նեմեսիս գործողություն» գիրքը հրատարակել է ապրիլի 19-ին:

Բոգոսյանի գիրքը ներկայացնում է հայերի մի փոքր խմբի ջանքերը՝ հայտնաբերելու և սպանելու Օսմանյան կայսրության մի քանի առաջնորդներին, ներառյալ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, որը 1918-ին՝ վարչակարգի անկումից հետո, փախավ Թուրքիայից:

«Նեմեսիս» գործողությունը ցեղասպանության կազմակերպիչների դեմ վրեժի գործողությունների շարք էր: Հայ վրիժառուները փաստացի իրականացրեցին փախուստի մեջ գտնվող ցեղասպանության մեջ մեղավոր մարդկանց մահվան դատավճիռը, որը կայացվել էր Կոնստանդնուպոլսի դատարանի կողմից: սպանվածների թվում էին, մասնավորապես, Թուրքիայի նախկին ներքին գործերի նախարար Թալեաթ-փաշան, նախկին մեծ վեզրի Սեիդ-Խալիմ Փաշան, Տրաբզոնի նախկին ղեկավար Ջեմալ Ամզին, Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար Ջեմալ փաշան և այլ պատասխանատու անձինք:

Հայտնի դերասան և պերֆորմանսի վարպետ Էրիկ Բոգոսյանին հիմնականում ճանաչում են «Օրենք և Կարգ» (Law and Order) դետեկտիվ հեռուստասերիալից, որտեղ նա մի շարք դրվագներում կատարում է հրամանատար Դենիել Ռոսի դերը։ Նա հեղինակել է վեց պիես, խաղացել իր գործերից շատերում, ներառյալ` «Talk Radio»-ն և «subUrbia»-ն։ Ծնվել է Բոստոնում, մեծացել Վոբուրնում (Մասաչուսեթս), որտեղ էլ ավարտել է ավագ դպրոցը։ Ապա տեղափոխվել է Օհայո նահանգ` ուսանելու Օբերլին քոլեջում։