2016-ի հունվարի 1-ից լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի իրականացնել Վարշավա-Երևան-Վարշավա թռիչքները: Հունվարից LOT-ը կիրականացնի շաբաթական 3 չվերթ, տեղեկացնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
Օդանավը Վարշավայից կժամանի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Երևանից կմեկնի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամառային ժամանակահատվածում չվերթերի հաճախականությունը ավելացնելու շուրջ:
Չվերթերի վերակազմավորման պատճառով, LOT -ը հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երևան չվերթերը:
LOT-ը թռիչքներ է իրականացնում դեպի աշխարհի 31 պետությունների 49 քաղաք: Ավիաընկերությունն ստեղծվել է 1929-ի հունվարի 1-ին, իսկ 1930-ի ապրիլի 1-ին դեպի Բուխարեստ կատարել առաջին միջազգային չվերթը:
2010-ի հուլիսի 1-ից լեհական LOT-ը սկսել է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևանից դեպի Վարշավա և հակառակը: