2 սեպտեմբերի 2015 - 12:53 AMT
Պուտինն առաջարկում է հրաժարվել դոլարից և եվրոյից ԱՊՀ երկրների միջև հաշվարկներում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որով ենթադրվում է հրաժարվել դոլարից և եվրոյից որպես ԱՊՀ միջանկյալ արժույթ: Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Ըստ «Վեստի ֆինանս» ռեսուրսի, որը հղում է անում փաստաթղթին, կստեղծվի մեխանիզմ, որը թույլ կտա հրաժարվել որպես միջանկյալ արժույթ օգտագործվող դոլարից ու եվրոյից փոխադարձ հաշվարկներում:

«Համաձայնագրով նախատեսվում է կողմերի ռեզիդենտ բանկերի անմիջական մուտքը միմյանց ներքին արժութային շուկա` միջբանկային կոնվերսիոն գործողություններ կատարելու նպատակով ոչ պակաս շահավետ պայմաններով, քան այն պայմաններն են, որ առաջարկում են ազգային առևտրային բանկերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ կառավարությունում գտնում են, որ դա կնպաստի ազգային արժույթների կիրառման ընդլայնմանն արտաքին առևտրի ոլորտում վճարումների և ֆինանսական ծառայությունների տրամադրման ժամանակ և այդպիսով նախադրյալներ կստեղծի ազգային արժույթների շուկայի լիկվիդայնության բարձրացման համար:

Մինչդեռ ռուս փորձագետները նորից սկսել են խոսել ԵՏՄ միասնական արժույթի մասին:

«Հարվածենք ալտինով դոլարին»` առաջարկում են ռուս փորձագետները որպես ճգնաժամից դուրս գալու ելք: Ըստ նրանց, միասնական եվրասիական արժույթը թույլ կտա անդամ երկրներին առևտուր անել դոլարից անկախ, իսկ քաղաքացիներն ու ձեռնարկությունները կորուստներ չեն ունենա տարադրամը փոխանակելիս:

Այս եզրահանգումներին հիմնականում համամիտ են նաև Ղազախստանի փորձագետները: Ալտինի ներմուծումը զգալիորեն կհեշտացներ ձեռնարկությունների կյանքը, որոնց հիմնական մրցակիցներն ու գործընկերները ռուսական ձեռնարկություններն են: Սակայն միասնական արժույթը նաև սպառնալիքներ է բերում և այս պարագայում տնտեսությունը դիրքերը զիջում է քաղաքականությանը, գրում է պարբերականը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել էր մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունները: