2 սեպտեմբերի 2015 - 18:36 AMT
Հայկական շուկան կվերահսկվի. Տեսչական մարմին է ստեղծվելու

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդը սեպտեմբերի 2-ին քննարկել և հավանություն է տվել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, դրա կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին հարցին:

Զեկուցվել է, որ նորաստեղծ տեսչական մարմնում ներդրվելու են կառավարման նոր համակարգ, քննարկման նոր սկզբունքներ և հանրային իրազեկման նոր մոտեցումներ, ինչը կնպաստի տեսչական մարմնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Աբրահամյանը կարևորելով տեսչական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշել է, որ այդ ուղղությամբ ՀՀ-ում քայլեր են ձեռնարկվել դեռևս 2009-ից:

«Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից ընդունվեցին օրենքի կիրարկման համար անհրաժեշտ իրավական ակտերը և այժմ անցում ենք կատարում տեսչական մարմինների ձևավորման բուն գործընթացին», - ասել է Կառավարության ղեկավարը:

Ըստ վարչապետի՝ ՀՀ շուկայի վերահսկողական տեսչական նոր ստեղծվելիք մարմինը կհանդիսանա առաջին տեսչական և պիլոտային մարմինը՝ տեսչական մարմինների ստեղծումն առավել սահուն իրականացնելու նպատակով:

« «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մինչև 2018 –ի հունվարի 9-ը պետք է ստեղծված լինեն բոլոր տեսչական մարմինները և գործող բոլոր տեսչությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը: Ուստի, տեսչական մարմինների ստեղծումը և այս ոլորտի բարեփոխումները լինելու են շարունակական», - ասել է Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ որպես այս ոլորտի բարեփոխումների հետագա քայլ առաջիկայում նախատեսվում է ստեղծել տեսչական մարմիններ ՀՀ ֆինանսների և ՀՀ առողջապահության նախարարություններում՝ իրենց տեսչությունների հենքի վրա:

2014-ի դեկտեմբերին ընդունվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, որը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Տեսչական համակարգի օպտիմալացման կարևորագույն և հիմնական միջոցառումն էր: