ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունը քննարկել է և որոշել, որ Հովհաննիսյանը կնշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում:
Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում ներկայացվել է Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում: «Հանրապետական կուսակցությունում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։ Նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ ու իր որոշումը կկայացնի»,-ասել էր ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հուլիսի 14-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական է տվել: Սերժ Սարգսյանը՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ազատել է Մանուկյանին նախարարի պաշտոնից: