Սեպտեմբերի 5-ին Երևանի կենդանաբանական այգում արդեն 5-րդ անգամ անցկացվել է «Պաղպաղակի օր» բացօթյա միջոցառումը:
Ուրախ երաժշտություն, հեքիաթի հերոսներ, խաղեր ու մրցույթներ: Արդեն ավանդական դարձած տոնակատարության ընթացքում հատուկ տաղավարներում վաճառվող պաղպաղակն արժեր 50 դրամ: Խորհրդանշական վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է այգու կենդանիների խնամքին և նրանց պայմանների բարելավմանը: Տոնական պաղպաղակը տրամադրել էր «Աշտարակ կաթ» ընկերությունը:
Ամռան հրաժեշտի զովացուցիչ տոնը բոլորին հասանելի դարձնելու նպատակով նախաձեռնությանը միացել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերության աջակցության շնորհիվ սեպտեմբերի 5-ին մինչև 16 տարեկան այցելուների մուտքն այգի անվճար էր:
Պաղպաղակի օրը նշել են նաև այգու կենդանիները. անդրկովկասյան գորշ արջերն, օրինակ, սովորական սննդակարգից բացի՝ մրգերով պատրաստված սառցե խորանարդիկներ են վայելել:
«Ուրախ ենք, որ Երևանի քաղաքապետարանի հետ իրականացվող այս ուրախ տոնն արդեն դարձել է ավանդական: Սա հրաշալի հնարավորություն է՝ նպաստելու կենդանաբանական այգու բարեկարգմանը` միաժամանակ լրացնելով պաղպաղակի այն բացը, որը չեք հասցրել վայելել ամռան ընթացքում»,- նշել է Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Փոքրիկ այցելուներին այգու մշտական բնակիչներից բացի դիմավորել են նաև հեքիաթի հերոսներն ու խաղավարները: Իսկ պատանիները նաև օրվա գլխավոր մրցանակի` հեծանիվի համար մրցելու հնարավորություն են ստացել: Կենդանիների մասին վիկտորինայի 25 մասնակցից հաղթել է 12-ամյա Նարեկ Հովակիմյանը: