Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվում է դատի տալ ֆրանսիական պետական France 2 հեռուստաալիքը: Պատճառը լրագրողական հետաքննությունը եթեր հեռարձակելն է, որտեղ Ադրբեջանը բնութագրվում է որպես «բռնապետություն», իսկ դրա ղեկավար Իլհամ Ալիևը՝ «բռնակալ»: Այդ մասին սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի ղեկավարության ֆրանսիացի փաստաբան Օլիվյե Պրադոյին հղումով տեղեկացրել է France-Presse գործակալությունը:
«Լրագրողներ Էլիզ Լյուսեն ու Լորան Ռիշարը հաղորդման ամենասկզբից Ադրբեջանն աշխարհում որպես ամենախիստ բռնապետություններից են ներկայացնում»,- ասել է Պրադոն:
Սեպտեմբերի 8-ին France 2-ն իր Cash Investigation հետախուզական շաբաթական հաղորդման շրջանակում ռեպորտաժ է հեռարձակել՝ նվիրված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ 2014-ի գարնանը Ադրբեջան այցին:
Ադրբեջանում նկարահանումներից հետո ֆրանսիացի լրագրողներից առգրավել էին նկարահանված նյութերը, մասնավորապես՝ ընդդիմադիր ակտիվիստների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցները:
«Ամբողջ հաղորդման ընթացքում առանց որևէ ապացույցի ադրբեջանական առաջնորդին անհիմն որպես կովկասյան «բռնակալ» ու «բռնապետ» են ներկայացնում»,- հայտարարել է փաստաբանը:
Ըստ Ru.rfi.fr-ի, նա նաև հավելել է, որ Ադրբեջանն «այլևս չի պատրաստվում հանդուրժել ու դատի կտա նրանց, ով զրպարտում է երկիրը»: