19 սեպտեմբերի 2015 - 11:01 AMT
Լոս Անջելեսի ուսուցիչների միությունը Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

Լոս Անջելեսի ուսուցիչների միությունը՝ երկրի ուսուցիչների ամենամեծ միության վերահսկիչ մարմինն ընդունել է բանաձև, որով ճանաչում է 2015-ը՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարի, իսկ ամեն տարվա ապրիլը՝ Ցեղասպանության ոգեկոչման ամիս: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն:

Ուսուցիչների միությունից ոչ ոք բանաձևին դեմ չի արտահայտվել:

Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ղեկավար Էլեն Ասատրյանն ողջունել է այս պատմական քայլը՝ նշելով, որ այն նպաստելու է Հայոց ցեղասպանությունը պետական դպրոցների աշակերտներին դասավանդելու ջանքերին, գրում է Asbarez.com-ը:

Նա շնորհակալություն է հայտնել ուսուցիչներ Շան և Սյուզի Աբաջյաններին, որոնք առաջնորդել են բանաձևի վավերացման ընթացքը, ինչպես նաև Հոզե Լարային, ով ևս նպաստել է դրան:

Լոս Անջելեսի ուսուցիչների միության անդամների թիվը մոտ 31.000 է:

Օգոստոսի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել Ատլանտայի Միջհամայնքային հարաբերությունների հրեական խորհուրդը (Jewish Community Relations Council (JCRC)): Բանաձևը կոչ է անում ճանաչել Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը և հորդորում Միացյալ Նահանգներին այդ դեպքերը «ցեղասպանություն» կոչել:

Հուլիսի 31-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել Լատինական Ամերիկայի խորհրդարանը:

Հուլիսի 24-ին բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի նահանգն օրենք է ընդունել, ըստ որի ապրիլի 24-ը հռչակում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»։

Մայիսի 29-ին Բրազիլիայի դաշնային խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Այդպիսով, Բրազիլիան դարձել էր Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Խորհրդարանի Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հեղինակը Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերային է: Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է ավելի քան 20 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը: