8 հոկտեմբերի 2015 - 13:22 AMT
Վալերի Բուայե. Ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգները ստիպված էին հանդուրժել թուրք ազգայնականների ժամանումը

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն հոկտեմբերի 7-ին գրավոր հարցում է ուղղել արտգործնախարար Լորան Ֆաբիուսին` դժգոհություն և տարակուսանք հայտնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Ստրասբուրգում ունեցած ազգայնական հավաքի կապակցությամբ: Հարցման տեքստը Բուայեն հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում:

Մասնավորապես, տեքստում ասվում է, որ հոկտեմբերի 4-ին էրդողանին առաջարկել են, Բուայեի ձևակերպմամբ՝ «մարդու իրավունքների մայրաքաղաք Ստրասբուրգում» եվրոպաբնակ թուրքերի հետ էթնիկ-կրոնական մոտիվներով հանդիպում անցկացնել, որին ներկա է եղել մոտ 15 հազար համակիր:

«Միլիոնավոր միացյալ ձայներ՝ ընդդեմ ահաբեկչության» խորագրով հանդիպմանը, ըստ կազմակերպիչների, մասնակցել են Ֆրանսիայից, Գերմանիայից, ինչպես նաև՝ Բելգիայից ու Շվեյցարիայից ժամանած քաղաքացիներ:

«Հանդիպման առիթով, որի ընթացքում կանայք և տղամարդիկ առանձին են նստել դահլիճում, էրդողանը Եվրոպայի երկրներում ապրող թուրքերին կոչ է արել պահպանել իրենց մշակույթը՝ այդպիսով դիմակայելով ձուլմանը: Գրեթե երկու ժամ Էրդողանը իսլամական-ազգայնական բնույթի ելույթ է ունեցել՝ անդրադառնալով նաև ահաբեկչության թեմային՝ միևնույն ժամանակ չհիշատակելով «Իսլամական պետությանը»,- նշել է Բուայեն, գրում էArmenianGenocide100.org-ը:

Այնուհետև պատգամավորը, ակնարկելով հայ համայնքի ներկայացուցիչներին, ընդգծել է.

«1915 թվականի փախստականների ժառանգները, որոնք այժմ բնակվում են ֆրանսիական հողում, ստիպված էին համընդհանուր անտարբերության ֆոնին հանդուրժել ամբողջ Եվրոպայից թուրք ազգայնականների ժամանումը»:

Հարցման վերջում Բուայեն հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիան առայսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս հնարավոր եղավ նման հանդիպման անցկացումը մեր երկրում: Կցանկանայի իմանալ նաև կառավարության դիրքորոշումը ֆրանս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ»,- ասված է հարցման տեքստում:

Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ժամանելով Ստրասբուրգ, հանդիպել է թուրքական համայնքի հետ:Շենքի առջև, որտեղ ելույթ էր ունենում Էրդողանը, նաև բողոքի ցույց տեղի ունեցավ Էրդողանի դեմ, որին մասնակցեցին հազարավոր մարդիկ` քրդեր, թուրքեր, այլ ազգությունների ներկայացուցիչներ:Ակցիային մասնակցել են նաև հայ համայնքի և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես «Հայորդի» երիտասարդական միության անդամները: Նրանք պահանջել են անհապաղ դադարեցնել ճնշումները` ներկայիս Թուրքիայի հանրապետությունում բնակվող հայերի նկատմամբ և վերջ տալ թուրք-քրդական բախումների ֆոնին հնչեցվող հակահայկական ռասիստական արտահայտություններին:

Կարդացեք նաև.Հայերի, քրդերի և ալևիների համատեղ բողոքի ցույցը Ստրասբուրգում` Էրդողանի դեմ