8 հոկտեմբերի 2015 - 17:59 AMT
Աղբյուր․Facebook-ը պատրաստվում է ընդլայնել «Հավանել» կոճակը

Մոտ ժամանակներս Facebook սոցիալական ցանցը կսկսի Reactions («Արձագանքներ») նոր ֆունկցիայի փորձարկումը, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան առավել հստակ արտահայտել իրենց էմոցիաները ժապավենում հայտնված նյութերի ու գրառումների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Engadget-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Reactions ֆունկցիան կարելի է նկարագրել որպես «Հավանել» կոճակի կատարելագործված տարբերակ։ Նախնական տվյալներով, բոլորին լավ հայտնի «լայքի» խորհրդանիշի կողքին կհայտնվի սմայլերի խումբ, որոնք արտահայտում են սեր, ծիծաղ, ժպիտ, տխրություն, զարմանք և զայրույթ։ Վերջին էմոցիան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի երկար սպասված «Չհավանել» կոճակին։

Գովազդի մենեջերում ֆեյսբուքյան բոլոր գրառումների տակ նշումները կհաշվարկվեն որպես սովորական «լայքեր»։ Նոր ֆունկցիան, ըստ աղբյուրի, կսկսեն փորձարկել հոկտեմբերի 9-ից։ Սկզբնական շրջանում «արձագանքները» հասանելի կլինեն միայն Իսպանիայի և Իռլանդիայի օգտատերերին։