16 հոկտեմբերի 2015 - 12:19 AMT
ՀՀ ԱԳ նախարար. ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների սելեկտիվ կիրառումն անընդունելի է

Հոկտեմբերի 15-ին արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյանը մասնակցել է ‪Աստանայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Ելույթ ունենալով նիստում` Նալբանդյանը խոսել է ահաբեկչական խմբավորումների դեմ համակարգված պայքարի անհրաժեշտության մասին: «Առաջնային խնդիր է այսպես կոչված «օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների» երևույթի կանխարգելման նպատակով համատեղ աշխատանքը», ասել է նա:

Իր ելույթում նախարար Նալբանդյանն անդրադարձել է Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 70-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագծին։ Նա կարևորել է ՄԱԿ առաջնորդող դերը աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման գործում։

Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների կողմից հայտարարության ընդունումը վկայում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության մասին։ «Կարծում ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ուղղակի կամ անուղղակի խախտումը, դրանց սելեկտիվ կիրառումը, միակողմանի պատժամիջոցները, այդ թվում` շրջափակումը, այլ երկրների հաշվին սեփական անվտանգության ամրապնդումը, անընդունելի են»,- ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել ու հավանություն են տվել ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ երկու տասնյակից ավել փաստաթղթերի նախագծերի:

Նիստի ընթացքում համաձայնեցվել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ, քննչական, արտակարգ իրավիճակների, անչափահասների իրավունքների պաշտպանության, մշակութային և կրթական բնագավառներում փոխգործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԱՊՀ երկրների արտգործնախարարները հավանության են արժանացրել Չերնոբիլի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների ուղերձի նախագիծը։

ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել ԱՊՀ 25-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի նախագծին:

Ինչպես լրագրողներին են հայտնել ԱՊՀ Գործկոմի մամուլի ծառայությունում, նախագծով նախատեսվում է մոտ 25 միջոցառում անցկացնել: Մասնավորապես` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական նիստ, միջազգային գիտագործնական կոնֆերանս, ԱՊՀ անդամ երկրների շրջանների համաժողով, միասնական դաս ԱՊՀ անդամ երկրների կրթական հաստատություններում:

Նիստում քննարկվել են նաև ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հայտարարությունների նախագիծը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ և ՄԱԿ 70-րդ ստեղծման հոբելյանի կապակցությամբ:

Նիստում նաև քննարկվել են ռազմական գործակցության տարբեր ասպեկտներ: Մասնավորապես, հավանության է արժանացել ԱՊՀ անդամ պետությունների Ռազմական գործակցության հայեցակարգի նախագիծը մինչև 2020 թ. Անդրադարձ է եղել նաև հումանիտար ոլորտին, մասնավորապես, հավանության է արժանացել ԱՊՀ անդամ երկրների Միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության նախագիծը:

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհուրդը նաև հավանություն է տվել մինչև 2020թ. ռազմական համագործակցության հայեցակարգի նախագծին:

Ինչպես ՏԱՍՍ-ին է հայտնել ԱՊՀ Գործկոմի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՄԱԿ ստեղծման 70-ամյակի վերաբերյալ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագծում ասվում է, որ «տեղի ունեցող գլոբալիզացիայի, նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, առաջին հերթին` կրոնական ծայրահեղականությունը, ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը պահանջում են, որ ՄԱԿ-ն արձագանքի նոր իրողություններին»:

ԱՊՀ ԱԳ նախարարների Խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2016-ի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում: