Թուրքական ռազմական ուղղաթիռները, որոնք հատել էին Հայաստանի օդային սահմանը հոկտեմբերի առաջին կեսին, անհապաղ հեռացել են Հայաստանի սահմաններից, երբ համապատասխան միջոցները օդ են բարձրացել: Այդ մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Երբ ուղղաթիռները խախտել են Հայաստանի օդային տարածքը, անհապաղ օդ են բարձրացել համապատասխան ռազմական ուղղաթիռները, սակայն թուրքական ուղղաթիռներն անմիջապես լքել են ՀՀ տարածքը»,-ասել է նա:
Այն դիտարկմանը, թե թուրքական կողմը բացատրել էր իր ուղղաթիռների հայտնվելը Հայաստանի օդային տարածքում վատ եղանակային պայմաններով, Շավարշ Քոչարյանը պատասխանել է որ հարցը ոչ թե արդարացումն է, այլ փաստը, հայտնում է Armenia Today-ը:
«Խնդիրն այն է, որ նման դեպքերում անհարժեշտ է կոնկրետ քայլերի դիմել: Եթե խախտում է տեղի ունենում, ապա առաջին քայլը վայրէջք պարտադրելն է, չենթարկվելու դեպքում կարելի է այլ քայլերի դիմել: Սակայն այս պարագայում թուրքական ուղղաթիռներն արագ հեռացել են մեր տարածքից»,-ասել է նա:
Հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ուղղաթիռները ապօրինաբար հատել են ՀՀ սահմանը: Այս մասին «Հրապարակ» օրաթերթին հայտնել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: «Հայաէրոնավիգացիա» կազմակերպության կարգավարի կողմից, այդ բոլոր ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ, որոնցից մեկը նաև ճշտումն էր Անկարայի կարգավարի հետ, թե ինչ օդանավ է իրենց կողմից գալիս»,- ասել է Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ երկու օր անընդմեջ Հայաստանի սահմանը հատողները եղել են ռազմական ուղևորատար ուղղաթիռներ, որոնք, սակայն, շատ չեն խորացել մեր տարածքում և արագ հեռացել են: Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի հատվածում, Բաղրամյանի մոտ, թռիչքներն էլ Իգդիր-Ղարս ուղղությունների վրա են եղել:
Անկարայի կարգավարն ասել է, որ եղանակային պայմանների հետ կապված է ուղղաթիռը նման ճանապարհ ընտրել՝ փորձելով շրջանցել վատ եղանակային իրավիճակը: