24 հոկտեմբերի 2015 - 12:43 AMT
Սիրիայում ահաբեկիչները հայ կնոջ են սպանել

Սիրիայի Յագուբիեի մոտ գտնվող Ժըսր Ալ Շուղուրի շրջանում տարեց հայուհի է սպանվել։ Տեղեկությունը տարածվել է «Ալ Նուսրայի ճակատ» խմբավորման գործունեությունը դատապարտող ֆեյսբուքյան էջում, գրում է «Արևելքը»:

Սպանված կինը 60 տարեկան Մարի Մուսա Փանոսն է, ով պատերազմի ամենաթեժ պահերին անգամ հրաժարվել է լքել իր տունն ու հեռանալ շրջանից:

«Ալ Նուսրայի ճակատ»-ի ահաբեկիչները կրակ են բացել հայ կնոջ վրա. ավելի ուշ նա մահացել է:

Հոկտեմբերի 22-ին թուրք-սիրիական սահմանին զոհվել է հայ պատանի Արմեն Ժիրայրի Ավետիսյանը։

Սիրիայի ու Թուրքիայի սահմանագծին հայ պատանին փորձել է իր ծնողների հետ հատել սահմանն ու մտնել Թուրքիա: Նա զոհվել է կրակոցներից:

Հալեպում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով հայազգի մայր ու որդի են զոհվել՝ 59-ամյա Վերա Կիրակոսյան-Կենդիմյանը և 30-ամյա Հարութ Կենդիմյանը: Մեկ այլ հայ երիտասարդ վիրավորվել է։

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։