26 հոկտեմբերի 2015 - 11:18 AMT
«Արևելք». Սիրիայի Դեր Զորի վերջին հայերը լքել են շրջանը

Սիրիայի Դեր Զորում բնակվող վերջին 25 հայ ընտանիքն անցած ամիսներին հեռացել է շրջանից: Նրանց մեծ մասը հաստատվել են Հալեպում, Ղամիշլիում, Լաթաքիայում, գրում է «Արևելքը»-ը:

Դեր Զորում Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց եկեղեցին, որ 2014-ին պայթեցվել էր, քանդված է: Հայերին պատկանող բոլոր բնակարաները և խանութները կողոպտված են:

2014-ից Դեր Զորը գտնվում է «Տահէշ» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ:

Հեռացել են նաև Սիրիայի Ռաքքա քաղաքի վերջին հայերը: Սեպտեմբերի 30-ին քաղաքում իրավիճակը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով 5-6 հայ ընտանիք ստիպված հեռացել են Հալեպ և Լաթաքիա: Քաղաքը գտնվում է Իսլամական պետության վերահսկողության տակ:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Սիրիական ճգնաժամից հետո արաբական հանրապետությունից հեռացել է 10.000 հայ: