Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թույլ չի տա քրդական խմբերին հսկողություն հաստատել Սիրիայի հյուսիսում: Ելույթ ունենալով Թուրքիայի հարավ-արևելքում` Էրդողանը դատապարտել է սիրիական Թել Աբիադ քաղաքի ընդգրկումը քրդերի ստեղծած ինքնավար քաղաքական կառույցի մեջ:
«Նրանք ուզում են ամբողջությամբ զավթել հյուսիսային Սիրիան: Մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ հյուսիսային Սիրիան նրանց դավերի զոհը դառնա»,-ասել է թուրք նախագահը, հայտնել է Azadlyg ռադիոկայանը:
Մինչդեռ սիրիական Քրդստանի պաշտոնական ներկայացուցչությունը կարող է առաջիկայում բացվել Մոսկվայում: Անկարայում զգուշացրել են, որ դա կվատթարացնի երկու երկրների միջև հարաբերությունները:
ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմն անցած շաբաթ հայտարարեց, որ Անկարան մտահոգված է «առանձին պետությունների և սիրիացի քրդերի միջև համագործակցության հնարավորությամբ»: «Մենք քննարկում ենք այդ հարցը ոչ միայն ՌԴ հետ: Եթե աջակցությունը քրդերին շարունակվի, այդ թվում ԱՄՆ կողմից, Թուրքիան անմիջապես կարձագանքի»,-ասել էր նա:
Անկարան մտահոգված է քրդերի տարածքային նվաճումներով Սիրիայում, քանի որ ակնկալվում է, որ դա կարող է ուժեղացնել անջատողական տրամադրությունները թուրքաբնակ քրդերի շրջանում:
Թել Աբիադը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին: Քրդական «Ժողովրդի պաշտպանության միությունը» հսկողություն է հաստատել քաղաքում «Իսլամական պետության» հետ պայքարում: Անկարան չի վստահում «Ժողովրդի պաշտպանության միությանը» որը սերտ կապեր ունի Թուրքիայում գործող Քրդական աշխատավորական կուսակցության հետ:
Քրդական ինքնավարության ղեկավարներն իրենց հերթին մեղադրում են Անկարային Սիրիայում իսլամիստ ծայրահեղականներին աջակցելու մեջ:
ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:
Իրավիճակի սրումից ի վեր թուրքական բանակն ու ոստիկանությունը 150-ից ավելի զոհ ու մի քանի հարյուր վիրավոր է տվել: ՔԱԿ կորուստների մասին հավաստի տվյալներ չկան` քրդերը հայտնում են տասնյակ սպանված մարտիկների և խաղաղ բնակիչների մասին, թուրքական պաշտոնական աղբյուրները` ՔԱԿ ավելի քան 2000 անդամի մահվան մասին: