26 հոկտեմբերի 2015 - 18:18 AMT
ԱՄՆ-ում կկայանա Ցեղասպանությունը որպես բռնագաղթ ներկայացնող «Կորուսյալ թռչունները» ֆիլմի պրեմիերան

ԱՄՆ-ում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում նկարահանված, սակայն ցեղասպանությունը որպես բռնագաղթ ներկայացնող «Կորուսյալ թռչունները» ֆիլմի պրեմիերան:

Ըստ թուրքական Medyatava.net կայքի` ֆիլմը նախատեսվում է ցուցադրվել հոլիվուդյան ARPA միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ: Աղբյուրի հաղորդմամբ` Grauman’s Egyptian թատրոնում ցուցադրվելիք ֆիլմը Հոլիվուդում մեծ հետաքրքրություն է առաջացրել, գրում է Ermenihaber.am-ը:

1915-ի մասին Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի սցենարի հեղինակն ու համառեժիսորներն են հայազգի Արեն Փերդեջին և ազգությամբ թուրք Էլա Ալյամաչը: Գլխավոր դերերում նկարահանվել են ծագումով թուրք Դիլա Ուլուջան և Ահմեթ Ուզը, ինչպես նաև հայ դերասաններ Արտո Արսենյանն ու Հերոս Հակոբյանը: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Հայոց ցեղասպանության ընթացքում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքը կորցրած երեխաների՝ Մարիամի ու Պետոի՝ որոնումների շուրջ: