28 հոկտեմբերի 2015 - 13:44 AMT
ԱԳՆ խոսնակ. Եգիպտոսում ձերբակալված ԻՊ ահաբեկիչների մեջ ՀՀ քաղաքացի չկա

Հոկտեմբերի 26-ին ՌԻԱ Նովոստին տեղեկություն է հրապարակել, որ Եգիպտոսի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի անդամների, որոնք պատրաստվում էին ահաբեկչություն կազմակերպել Եգիպտոսի զբոսաշրջային գոտիներում:

Կայքը գրել էր նաև, որ ձերբակալված ահաբեկիչների մեջ Հայաստանի քաղաքացիներ կան:

Կահիրեում ՀՀ դեսպանության հարցմանը ի պատասխան՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ մայրաքաղաքում ձերբակալված ահաբեկիչների մեջ ՀՀ քաղաքացի չկա, հոկտեմբերի 28-ին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Իրաքի և Սիրիայի տարածքի մի մասը զավթած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։