28 հոկտեմբերի 2015 - 15:10 AMT
Մոտ $113 մլն-ի վարկ՝ ՀՀ-ում քաղաքային կայուն զարգացմանը

Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին $112 մլն 970 հազարի չափով վարկ կտրամադրի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակում: Վարկային համաձայնագրին հավանություն տալու վերաբերյալ որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում:

Վարկի մարման ժամկետն է 22 տարի, որից արտոնյալը` 15 տարի:

«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» նպատակն է Հայաստանի քաղաքներում բարելավել քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները` ապահովելով ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից` քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի, կառույցի, ծրագրի իրականացման բաղադրիչներ:

«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է հոկտեմբերի 13-ին: