29 հոկտեմբերի 2015 - 10:50 AMT
Վեսթմինսթրյան աբբայությունում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Վեսթմինսթրյան աբբայությունում հոկտեմբերի 28-ին կայացել է Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն: Դրան մասնակցել է աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Դրան ներկա է եղել նաև Ուելսի արքայազն Չարլզը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության մարտիրոսների հիշատակությունն ու նրանց հոգիների համար էկումենիկ աղոթքը հնչել է նաև որպես հրավեր բոլոր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին` միանալու արդարության հաստատման համար աղոթքին և իրենց ձայնը հնչեցնելու մարդկության դեմ մեծագույն հանցագործության` ցեղասպանության դեմ պայքարում, աղոթելու աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման համար:

Արարողության ժամանակ հոգևոր երգերը կատարել է Լոնդոնի Սբ Եղիշե հայկական եկեղեցու երգչախումբը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի շարք կարևոր կրոնական միջոցառումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, ապրիլի 12-ին Հռոմի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ մատուցեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` հայերի կոտորածն անվանելով «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նա հայտարարեց, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Գագաթնակետը եղավ Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի սրբադասումը Հայ Առաքելական եկեղեցու կողմից, այդ արարողությանը մասնակցեցին 38 եկեղեցու, եկեղեցական և էկումենիկ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ապրիլի 24-ին աշխարհի հարյուրավոր եկեղեցիների զանգերը ղողանջեցին 100 անգամ` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: