16 նոյեմբերի 2006 - 16:31 AMT
Մինչ 2007 թ. ապրիլի 24-ը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ցեղասպանության մասին օրինագիծը
ԱՄՆ Սենատի գլխավոր թեկնածուներից մեկը, որին պաշտպանել է Ամերիկայի հայ համայնքը, եղել էՆյու-Ջերսիի թեկնածու Ռոբերտ Մենենդեսը: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, հենց սենատոր Մենենդեսին են հայերը պարտավոր, որ Սենատը սառեցրել է Հայաստանում նոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի նշանակման գործընթացը: «Նյու-Ջերսիի ընտրությունների ժամանակ հայ համայնքն իր ագիտատորներին ուներ բոլոր տեղամասերում, ովքեր կոչ էին անում ընտրողներին ընտրել հենց այդ թեկնածուին: Մենք նաեւ հուսով ենք, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի փոփոխությունից հետո, նոր դեսպանի հարցը նորից կհայտնվի Կոնգրեսի օրակարգում եւ դա այլ թեկնածու կլինի»,- նշել է Մանոյանը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանությունը հերքող դեսպանը չի կարող ճիշտ եւ համապատասխան մակարդակի վրա ներկայացնել Հայաստանում ԱՄՆ շահերը:

Մանոյանի խոսքերով, Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Նենսի Պելոսին արդեն հայտարարել է, որ մինչեւ 2007 թվականի ապրիլի 24-ը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգում կընդգրկվի Ցեղասպանության մասին օրինագիծը: «Այդ տեսանկյունից, Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կարելի է մեծ քայլ համարել առաջ, քանի որ հենց հանրապետականները` Դենիս Խաստերի գլխավորությամբ, կանգնեցրել են այդ բանաձեւի ընդունումը»,- ընդգծել է նա:

Նշենք, որ Նյու-Ջերսի նահանգի բնակչությունը մեծ մասամբ կազմված է Մերձավոր Արեւելքի, Իրանի եւ Հարավ-Արեւելյան Ասիայի, մասնավորապես Չինաստանի եւ Թաիլանդի ծագում ունեցող բնակչությունից: