Եվրամիությունը առաջնային է համարում ԶԼՄ-ների ազատության և իրավունքի գերակայության քննարկումը Թուրքիայի իշխանությունների հետ բանակցություններում, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Քաթրին Ռեյը:
«Մենք ուշադիր հետևում ենք Թուրքիայում իրադարձությունների զարգացմանը: Մենք ցանկանում ենք հիշեցնել օրենքի գերակայության և մամուլի ազատության կարևորության մասին: Մենք բազմիցս ենք կոչ արել անվտանգ և ազատ պայմաններ ապահովել լրագրողների աշխատանքի համար, քանի որ դա է ժողովրդավարական հասարակության հիմքը»,-ասել է Ռեյը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա, Թուրքիան, ինչպես յուրաքանչյուր այլ երկիր, որը բանակցում է ԵՄ-ին անդամակցելու մասին, «պետք է երաշխավորի մարդու իրավունքների պահպանումը, ներառյալ խոսքի ազատությունը»: «Մենք կշարունակենք քննարկել այս հարցը թուրքական իշխանությունների հետ որպես առաջնային»,-ասել է Ռեյը:
Հոկտեմբերի 28-ին Եվրամիությունն իր մտահոգությունը հայտնեց թուրքական Koza-Ipek հոլդինքի հեռուստաալիքների վրա հարձակումների առնչությամբ և կոչ արեց Թուրքիայի իշխանություններին պահպանել խոսքի ազատությունը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի ոստիկանությունը գրոհել է Koza-Ipek հոլդինքի 2 հեռուստաալիքի գրասենյակները` ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ պայքարի շրջանակում: Վերջինս նաև համարվում է նախագահ Էրդողանի գլխավոր հակառակորդը:
Թուրքիայի իշխանությունները ստանձնել են հոլդինգի 22 ընկերությունների կառավարումը:
Հոկտեմբերի 10-ին Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի առաջատար անգլալեզու Today's Zaman թերթի գլխավոր խմբագիրը Բյուլենթ Քենեշը: Նրան մեղադրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա համախոհներին Twitter-ում վիրավորելու համար:
Ավելի վաղ Sözcü daily պարբերականի 2 լրագրող մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 1 տարվա ազատազրկման Էրդողանին և նրա կուսակիցներն վիրավորելու համար:
2014-ին հարյուրավոր մարդիկ, հիմնականում «հայտնի մտավորականներ, լրագրողներ ու քաղաքացիներ», կանգնել en դատարանի առջև Թուրքիայի ՔՕ 299 հոդվածով, որը հաճախ է օգտագործվում նախագահին վիրավորելու համար մեղադրանք ներկայացնելիս: