31 հոկտեմբերի 2015 - 10:52 AMT
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը Հայաստանից «Օսկար»-ի կներկայացվի

1988-ի Սպիտակի ողբերգության մասին ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմըՀայաստանից «Օսկար»-ի կներկայացվի:

Սարիկ Անդրեասյանը պատմել է, որ ֆիլմով հուսով է ոչ միայն հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, այլև հիշեցնել ժողովրդների բարեկամության մասին, գրում է Metro-ն: Երկրաշարժը վերջին իրադարձությունն էր, որը միավորեց ոչ միայն ԽՍՀՄ, այլև ամբողջ աշխարհի ժողովրդներին:

«Ինձ միշտ հետաքրքրել է այս պատմությունը, քանի որ այստեղ քաղաքականություն չկա: Այն ժամանակ մարդիկ օգնության եկան ոչ միայն Միության տարբեր մասերից, այլև այլ երկրներից` ԳԴՀ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Ամերիկայից: Մեր ֆիլմում իրական պատմություն կա, թե ինչպես է կռունկավարը Ռոստովից իր տեխնիկայով գալիս փլատակները մաքրելու: Չեմ կարող պատկերացնել, որ այսօր ինչ-որ մեկը կարող է այդպես վարվել»,- ասել է Անդրեասյանը:

Թիմից շատերը, ինչպես նաև ինքը՝ ռեժիսորը, հիշում են այդ օրը:

«Մեր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանն ինքն անձամբ է երկրաշարժի երկրորդ օրը մեկնել Լենինական՝ փլատակները մաքրելու: Ես ընդամենը 4 տարեկան էի, Երևանում մանկապարտեզում էի, բայց հիշում եմ, ինչպես էին ճոճվում պատերը, զրնգում ապակեղենը, ճոճվում ջահերը: Դաստիարակներն ու երեխաները դուրս վազեցին: Ոմանք խուճապահար ընկան, մյուսները քերծվածքներ ստացան»,- ասել է Անդրեասյանը:

Սկզբից ֆիլմը մտադիր էին նկարահանել Հայաստանում, հետո հասկացան, որ ավերման տեսարաններն ավելի լավ է Մոսկվայում նկարահանել, իսկ Գյումրիում` խաղաղ կյանքի պատկերները: Անդրեասյանը բացատրել է դա նրանով, որ յուրաքանչյուր գյումրեցու համար այդ հիշողությունները ցավոտ են, բոլորը հիշում են այդ ողբերգությունը, բոլորն էլ հարազատ են կորցրել:

«Երբ խոսում ես այդ մասին, մարդկանց աչքերը լցվում են: Բոլորն աշխատում են մոռանալ այդ դաժան իրադարձությունները: Եվ պարզ դարձավ, որ եթե քաղաքում այդպիսի դեկորացիա կառուցենք, դա մեծ սթրես կլինի մարդկանց համար»,- ասել է նա:

Մոսկվայի արվարձանում ֆիլմի նկարահանումների համար երկրաշարժից ավերված քաղաքի դեկորացիաներ են ստեղծվել: Բեմադրող նկարիչ Դավիթ Դաթունաշվիլին, օգտվելով վավերագրերից, ստեղծել է ավերված Լենինականի 50 քմ դեկորացիաներ` փողոցներ և քանդված տներ:

«Դեկորացիաների ստեղծմանը մասնացել է ավելի քան 50 մարդ: Միայն աղբից հարթակը մաքրելու համար մոտ 1 ամիս պահանջվեց: Ծանր էր և ֆիզիկապես, և հոգեպես»,- ասել է Դաթունաշվիլիլն:

Նա նաև խոստովանել է, որ թեև վաղուց է աշխատում, առաջին անգամ է նման ծավալի նկարահանումների մասնակցում:

Պրոդյուսերները մտադիր են ֆիլմը ներկայացնել «Օսկարի» Հայաստանից: Եթե Հայաստանը տա իր համաձայնությունը, դա կլինի «Օսկարի» երրորդ նոմինացիան Հայաստանից: 2001 թ. հայ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմը ներկայացվել էր «Օսկարի» Հայաստանից: 2012-ին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը նույնպես հայտնվեց մրցանակի ներկայացված ֆիլմերի ցանկում, սակայն չանցավ «շորթ-լիսթ»: