2 նոյեմբերի 2015 - 14:07 AMT
Թուրքիայի խորհրդարան կրկին 3 հայ պատգամավոր է անցել

Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում երեք տարբեր կուսակցության հայ ներկայացուցիչ պատգամավորներ են ընտրվել:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր է դարձել Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից՝ Սելինա Դողանը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունից՝ Կարո Փայլանը, գրում է Tert.am-ը:

Հայ համայնքի այս երեք ներկայացուցիչներն ընտրվել էին նաև հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։ Սակայն այդ ժամանակ ոչ մի քաղաքական ուժ չէր ստացել ձայների մեծամասնությունը, իսկ կոալիցիա կազմել չէր հաջողվել։ Այդ պատճառով էլ Թուրքիայում նոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություն էր տեղի ունեցել:

Նոյեմբերի 1-ին արտահերթ ընտրություններում հաղթել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունը, հավաքելով ձայների 50%-ը, ինչը թույլ է տալիս նրան միակուսակցական կառավարություն ձևավորել: Կուսակցությունը ստացել է 310 մանդատ:

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հավաքել է 25.55 տոկոս և կունենա 135 պատգամավոր: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ) հավաքել է 12.21 տոկոս`45 պատգամավոր: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ)` 10.71 տոկոս, և կունենա 60 պատգամավոր: