2 նոյեմբերի 2015 - 17:11 AMT
Նախարար. 2016-ին Ստեփանավանի օդանավակայանը կվերաբացվի

Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2016-ին: Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը 2016-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ` պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցին, հայտնում է Tert. am-ը:

Նախարարը նշել է, որ արդեն իսկ պայմանավորվածություն կա ռուս գործընկների հետ` ծանր ուղղաթիռների ձեռք բերման շուրջ: «Մենք պայմանավորվել ենք, որ հերթապահություն ենք անելու, ուղղաթիռները այստեղից ծառայություն կիրականցնեն»,-ասաց նա:

Նախարարը հավելել է, որ նաև թեթև ուղղաթիռներ են ունենալու, որոնք ստանալու են ռուս, շվեյցարացի և ֆրանսիացի գործընկներից և արդյունքում կունենան նորմալ օդանավակայն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԻՆ նախարարին զեկուցվել է «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ տարածքի կառուցապատման եւ օդանավակայանի վերագործարկման հետ կապված խնդիրների և անհրաժեշտ աշխատանքների մասին։ Նախարար Երիցյանը հանձնարարել է ուսումնասիրել եւ առաջարկներ ներկայացնել հակակարկտային ծառայության համակարգում փոքր ավիացիայի օգտագործման վերաբերյալ։

ՀՀ կառավարության որոշմամբ «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Այդ ենթակառուցվածքն ունենալու է հատուկ ինքնաթիռներ, որոնք հնարավորություն կտան աղետների ժամանակ օպերատիվ արձագանքել:Օդանավակայանը համատեղ օգտագործվելու է ՀՀ և ՌԴ փրկարար ծառայությունների կողմից: Հայ-ռուսական Հումանիտար արձագանքման համատեղ կենտրոնը ստեղծվում է Կովկասյան տարածաշրջանում արտակարգ իրավիճակների վերացմանը նպաստելու համար։ Կենտրոնը կփոխգործակցի ՄԱԿ-ի, Եվրոպական միության և այլ միջազգային կազմակերպությունների հետ։

Օդանավակայանը գտնվում է Ստեփանավանի կենտրոնից 6 կմ հեռավորությամբ` Սարատովկա գյուղից հարավ ընկած տարածքում: Շենքերի և շինությունների մակերեսը կազմում է մոտ 1150 քմ տարածք, իսկ դրանց օգտագործման համար հատկացված հողատարածքը՝ 61,7 հա: Ընկերությունը 2006 թվականից որևէ գործունեություն չի ծավալել: